Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանուագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բոյրը վառման,
Ու նաիրեան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսէ,
Արեւն ամրան ու ձմեռուայ վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհիւրընկալ պատերը սեւ,
Ու հնամեայ քաղաքների հազարամեայ քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանայ ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանայ աղօթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արիւնաքամ վէրքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - եա՛րն եմ սիրում։

Իմ կարօտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկայ,
Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկայ,
Աշխա՜րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկայ,
Ինչպէս անհաս փառքի ճամբայ՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Եղիշէ Չարենց

Aucun commentaire:
Enregistrer un commentaire