jeudi 5 mars 2015

Ես իմ անոյշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանուագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բոյրը վառման,
Ու նաիրեան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսէ,
Արեւն ամրան ու ձմեռուայ վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհիւրընկալ պատերը սեւ,
Ու հնամեայ քաղաքների հազարամեայ քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանայ ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանայ աղօթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արիւնաքամ վէրքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - եա՛րն եմ սիրում։

Իմ կարօտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկայ,
Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկայ,
Աշխա՜րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկայ,
Ինչպէս անհաս փառքի ճամբայ՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Եղիշէ Չարենց 


















 

Նոր Գարուն

 Քեզ ըսպասող չըմընաց,
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն.
Գովքդ ասող չըմնաց,
Զուր ես գալի, ա՛յ գարուն։

Սեւ-մութ պատեց աշխարհին,
Սար ու ձոր դառան արին,
Մեզ վայ բերեց էս տարին.
 Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։

Բիւլբիւլը գայ՝ թող ձէն տայ,
էյ ո՞վ պիտի քեզ խնդայ,
էլ ո՞ր սիրտը կը թնդայ.
Զուր ես գալի, ա՛յ գարուն։

Բիւլբիւլն եկաւ՝ վարդ չունի,
Ծաղկոցը կայ՝ վարդ չունի.
Էլ ո՛վ ա որ դարդ չունի.
Ո՞ւր ես գալի ա՛յ գարուն։

Դու ետ բերիր հաւքերին,
Ո՞նց տէր ըլնեն բըներին.
Էլ տեղ չկայ մեր երկրին.
Զուր ես գալի, ա՛յ գարուն։

Աշուղի բերանը փակ,
Սազ-քեամանչէն փակի տակ,
Սիրտն ա էրւում անկրակ.
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։

Քեզ ըսպասող չըմընաց,
Զուր ես գալի, ա՛յ գարուն.
Գովքըդ ասող չըմընաց.
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։

 Յովհաննէս Յովհաննիսեան























Արծիւն ու արտոյտը

Արծիւը կանգնած սեւ ժայռի գլխին
Հանգիստ ու հպարտ նայում է չորս դին.
Ցածն ամպեր ճերմակ յօդում են ձորում,
Վերեւում վճիտ եթերն է ծորում:
Եւ ձիւնագագաթ լեռների արքան
Չորս դին է նայում,
ասում ինքն իրան.
«Ինձնից բարձր էլ
ո՞վ կարող է սլանալ,
Այս վեհ բարձունքին ինձ պէս
տԷր դառնալ»։
Յանկարծ երկնքի անհուն կապոյտից
Անուշ ճռւողիւն հնչեց բերկրալից։
Արծիւն ահաւոր նայեց դէպի վեր,
Տեսաւ՝ ուժը չէ աշխարհին միշտ տէր.
Արտոյտը փոքրիկ մինչ երկինք հասած,
Արեւի ոսկի փայլովն ողողուած,
Գովքն էր գեղգեղում
կենսաբեր գարնան,
Մահամերձ երկրի
օրհներգն յարութեան։

 Յովհաննէս Յովհաննիսեան